Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այվազյանի բեմատեսությունը խորհրդավոր է և նորարարական

Այվազյանի բեմատեսությունը խորհրդավոր է և նորարարական
12.11.2013 | 15:01

«Երազ իմ երկիր հայրենի» երգի ներքո բացվեցին վարագույրները: «Գոյ» թատրոնի «Դեկորներ» ներկայացմամբ մեկնարկեց «Այվազյանական» հանրապետական թատերական երկրորդ փառատոնը:

«Ամբողջ մեկ շաբաթ հայաստանյան թատերական կյանքը կշնչի այվազյանական թատրոնի թարմությամբ: Երբ փորձում եմ պատկերացնել Աղասի Այվազյանի արվեստը մեկ հարթության մեջ, այն ինձ թվում է մի հրաշալի գետ` իր վտակներով, որոնցից մեկը շատ հորդաբուխ է, հետաքրքիր լույսով պարուրված: Դա Աղասի Այվազյանի դրամատուրգիան է,- ասաց գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ, նշեց որ Աղասի Այվազյանն ունի 25 պիես` մեկը մեկից տարբեր, մեկը մեկից հետաքրքիր, գրված` նվիրումով դեպի մարդը: «Ինչպես ինքն է ասում՝ իր գրականությունը սեր է և իր ոչ մի ստեղծագործություն նման չէ մյուսին, որովհետև սիրելով է արարել»,- ասաց գրականագետը, նշելով, որ Այվազյանի բեմատեսությունը խորհրդավոր է և նորարարական:
Գրողների միության առաջին քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ կարծիքով` Այվազյանի գրականությունը առանձնանում է ամբողջ հայ գրականության մեջ, և եթե կարողանայինք նրան ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին, համաշխարհային գրականության մեջ նույնպես կունենար իր ուրույն տեղը, որին արժանի էր: ՀԳՄ քարտուղարի խոսքով` կան գրողներ, որ հրաշալի, պատկերավոր լեզվով պատմում են, սյուժեներ են ստեղծում, կան գրողներ էլ, որոնք պարզապես ապրում են իրենց գրականության մեջ: «Այսինքն, նրանց համար, ինչպես Աղասի Այվազյանն էր ասում, գրականությունը ոչ թե մասնագիտություն է, այլ կյանք: Նրանք իրենց հերոսների մեջ ապրում են,- ասաց նա: Երբ Սարոյանին հարցրել են, թե ինչպես է ընտրում հերոսներին, նա ասել է` իմ բոլոր հերոսները ես եմ: Պետրոս Դեմիրճյանը նկատում է, որ նույն բանը կարող էր ասել Աղասի Այվազյանը և նշում, որ Այվազյանի գրականության գլխավոր թեմաները կամ «հերոսները» երեքն են` ժամանակը, մարդը և հայ մարդը:
Աղասի Այվազյանի դրամատուրգիայի մասին եկավ պատմելու նաև ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Դեկորները»:
-Էս որտե՞ղ ենք:
-Ոչ մի տեղ։
-Ոչ մի տեղ, այսինքն` ամեն տեղ ենք:
-Բայց ինչպե՞ս ամեն տեղ, երբ մենք էստեղ ենք:
-ՈՒրեմն, էստեղ ենք (մեջբերումը բառացի չէ- Ա.Ս.):
Իրենց տեղը փնտրող չորս անանուն հերոսները կորցնում են ազատությունը` այդպես էլ չգտնելով տեղ ասվածը: Սպիտակը, որ խորհրդանշում էր մաքրությունը, հեշտությամբ փոխարինվում է հոգեբուժարանը նկարագրող տարածքի: Չորս պատերը, որ պետք է լուծեին տեղ ու ժամանակի խնդիրը, վերածվում են բանտի: Երևակայությունդ որքան էլ վառ լինի, զգում ես դրսի ցուրտը, մանավանդ, երբ հրաժարվում ես տեղից (իրական) ու ընտրում ազատությունը: Տեղի խնդիրը կարող էր լուծել բազմոցը: Մեկ բազմոց` չորսի համար: Բազմոցը հայտնվում է` կնոջ հետ, ամեն ինչ իրար խառնելով: «Բազմոցով կնոջից» հոգնած հերոսներն ընտրում են ազատությունը: Էլի սկսվում է աբսուրդային անտեղությունը, գոյություն չունեցող «հիմա»-ն: Թեև, եթե ոտքերիդ տակ հատակ կա, գլխիդ վերևում` առաստաղ, ուրեմն այնտեղ չես:
Գլխավոր դերակատարներն են` Գուրգեն Սարգսյանը, Սարգիս Չոլոյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սամվել Թոփալյանը և Աննա Հարությունյանը:
Հավելենք, որ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում մինչև նոյեմբերի 18-ը Այվազյանական» փառատոնի շրջանակում կցուցադրվեն «Առլեզ», «Գոյություն», «Օվկիանոսի հեքիաթները», «Քարանձավ» և այլ ներկայացումներ: Կլինեն նաև գրական քննարկումներ:
«Այվազյանական» հանրապետական թատերական երկրորդ փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ԵԹԿՊԻ աջակցությամբ: Ներկայացումների մուտքն անվճար է: Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրին` տիկին Գրետա Վերդյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ